Համազասպ Խաչատուրի Բաբաջանյան

“ԵՐԲ ՄԻ ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԵՄ ՁԳՈՒՄ ԻՄ ԱՆՑԱԾ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՆ, ԱՉՔԵՐԻՍ ԱՌԱՋ ՀԱՌՆՈՒՄ Է ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ՉԱՐԴԱԽԼՈՒՆ, ՈՐԸ ՆՄԱՆԸ ՉՈՒՆԻ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՆՐԱ ԿԱՐՈՏԸ ՀԱՃԱԽԱԿԻ Է ՁԳՈՒՄ ԻՆՁ ԴԵՊԻ ԱՅՆ, ԴԵՊԻ ԻՄ ՕՐՐԱՆԸ, ՈՐ ՍՆԵԼ ՈՒ ԳՐԱՃԱՆԱՉ Է ԴԱՐՁՐԵԼ ԻՆՁ, ՆՐԱ ՄԱՔՈՒՐ ՕԴՈՎ ԵՄ ԵՍ ԶՈՐԱՑԵԼ, ԶՈՐԱՎԱՐ ԴԱՐՁԵԼ”:
Հ. Խ. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
1906 թվականի փետրվարի 18-ին Չարդախլվի բնակիչ Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքում ծնվեց երրորդ արու զավակը` ապագա ՙՈսկե աստղի՚ կավալեր, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը:
Սարերի հովիվ էր Խաչատուրը: Նա մի կերպ էր հասցնում իր բազմանդամ ընտանիքի գոյությունը պահել, բայց միշտ մտածում էր զավակներին կրթություն տալու մասին: Համազասպը հասակ էր առնում գյուղում, հովվություն անում հոր հետ, միշտ երազելով ուսում ստանալու մասին, և նրա երազանքը կատարվեց: Նա ընդունվեց գյուղի նորաբաց դպրոցը: 1915 թվին, նրանք ընտանիքով տեղափոխվում են Թբիլիսի, որտեղ նա ընդունվում է հայկական դպրոց, բայց չի ավարտում այն, նորից վերադառնում են գյուղ և մինչև 1925 թվականը զբաղվում է հողագործությամբ` ռազմական արվեստի սերը միշտ սրտում: Նրան միաժամանակ ընտրում են կոմերիտական կազմակերպության քարտուղար և նա ակտիվորեն մասնակցում է հասարակական աշխատանքներին: Եվ վերջապես իրականանում է նրա երազանքը, նրան զորակոչում են կարմիր բանակի շարքերը, 19-ամյա Համազասպն առաջին անգամ հագնում է զինվորականի համազգեստ: Սկզբում նա սովորում է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցում, ապա փոխադրվում Անդրկովկասյան զինվորական հետևակային ուսումնարան (Թիֆլիս):
Ռազմական դպրոցն ավարտելուց հետո Համազասպ Բաբաջանյանը նշանակվում է Կովկասյան չորրորդ հետևակային գնդի դասակի հրամանատար: Շատ ժամանակ չանցած նա դառնում է վաշտապետ, ապա` գումարտակի հրամանատար: Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում սովորելու տարիներին Բաբաջանյանը ջանասիրաբար հարստացնում էր իր գիտելիքները: Ակադեմիան ավարտելուց հետո նա նշանակվում է Անդրկովկասյան զինվորական օկրուգի կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, հետո տեղափոխվում Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) և ծառայում գնդի հրամանատարի տեղակալ:
Առաջին մարտական մկրտությունը Հ. Բաբաջանյանն ստացել է 1939-40 թվականների ձմռանը սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներում և ցուցաբերած քաջության ու խիզախության համար արժանանում է խրախուսանքի: Դրանից հետո նա փոխադրվում է 19-րդ բանակ, նշանակվում շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ: 1941 թվականի կեսերին 19-րդ բանակը փոխադրվում է ԽՍՀՄ արևմտյան սահմանը: Այստեղ էլ այդ բանակը դիմավորում է Հայրենական մեծ պատերազմը:
1941 թվականի աշնանը Հ. Բաբաջանյանը նշանակվում է 395-րդ հետևակային գնդի հրամանատար: Այդ օրերին արյունահեղ կռիվներ էին մղվում Սմոլենսկի ուղղությամբ: Սովետական բանակը ուժեր էր կենտրոնացնում այստեղ` թշնամուն հակահարված տալու, դեպի Մոսկվա շարժվող հիտլերյան զավթիչների ճանապարհը փակելու համար: Ելնյայի ուղղությամբ գործող գնդերը, դրանց թվում Հ. Բաբաջանյանի զորամասը, զարգացնելով հարձակումը, մեծ կորուստներ են պատճառում հակառակորդին, ազատագրում քաղաքը և բազմաթիվ բնակավայրեր: Կարմիր բանակի պատմության մեջ առաջին անգամ, մի շարք զորամասերի թվում, գվարդիայի կոչում է շնորհվում 127-րդ դիվիզիային, որի կազմում էր նաև Հ. Բաբաջանյանի ղեկավարած գունդը:
Սմոլենսկից հետո Հ. Բաբաջանյանի գունդը մարտնչում է Դոնի Ռոստովի մատույցներում, ապա` Արևմտյան ռազմաճակատում: Արիասիրտ հրամանատարը միշտ հայտնվում է այնտեղ, ուր թեժ մարտեր են մղվում:
Ֆաշիստական զավթիչների դեմ մղված հերոսամարտերում Հ. Բաբաջանյանը օր օրի վրա դրսևորում է իր հրամանատարական ձիրքը մեծ մասշտաբների մարտական գործողություններ վարելու հմտությունն ու կազմակերպչական տաղանդը: Հաշվի առնելով այդ` վերադաս հրամանատարությունը 1942 թ. գարնանը Բաբաջանյանին նշանակում է 3-րդ մեքենայացված բրիգադի հրամանատար, որը Արևմտյան ռազմաճակատի կազմում էր: Ռազմաճակատի այս հատվածում իր մարտական առաջադրանքները հաջողությամբ կատարելուց հետո 1943 թ. ամռանը 3-րդ բրիգադը փոխադրվում է Կուրսկի աղեղի հատվածը:
ՙ… Հառաչում էր հողը,- գրում էր իր հուշերում Բաբաջանյանը,- ճակատամարտի մասշտաբը գերազանցում էր մարդկանց երևակայությունը: Հարյուրավոր տանկեր, թնդանոթներ վերածվում էին մետաղյա ջարդոնի լեռնակույտերի: Խավարել էր արևը, նրա սկավառակը հազիվ էր երևում արկերի ու ռումբերի պայթյունից առաջացած ծխի ու փոշու միջից…՚:
Հ. Բաբաջանյանի հրամանատարության ենթակա զորամասերը 1943-44 թթ. ձմռանն ակտիվորեն մասնակցում էին Արևմտյան Ուկրաինայի ազատագրման համար մղված մարտերին:
Պատերազմական գործողությունների ընթացքում, երբ իրադրությունը պահանջում էր, Բաբաջանյանն անմիջապես վերադառնում էր իր զորամասը, ստեղծում արագ, շարժունակ խմբեր, ապա ընտրելով թշնամուն հարվածելու գլխավոր ուղղությունը, հանկարծակի շարժումով, սրընթաց գրոհով շրջանցում է թշնամուն, փակում նրա նահանջի ճանապարհը:
Հմուտ էր գնդապետ Բաբաջանյանը և արի: Ֆաշիստները ՙՎագր՚ և ՙՀովազ՚ տանկերից բաղկացած մոտ 19 դիվիզիա էին կուտակել Կուրսկ-Բելգորոդի ուղղությամբ: Նա հրաման էր ստացել ճեղքել այդ պաշտպանությունը և գրավել Կազատին քաղաքը: Համազասպը որոշեց քաղաքը գրավել գիշերով և հրամայեց հանկարծակիի բերել թշնամուն` վառել բոլոր տանկերի, զրահապատ ինքնագնացների լույսերը, միացնել բոլոր շչակներն ու ազդանշանները: Այդպիսի շլացուցիչ լույսերի ու ահարկու շաչյունի ազդեցությամբ էլ մտան քաղաք ու գրավեցին այն: Հետագա մի քանի օրում Բաբաջանյանն ազատագրեց բազմաթիվ քաղաքներ ու բնակավայրեր:
Զորահրամանատարի այդ ահաբեկիչ ճեղքումներն անվանեցին ՙԲաբաջանյանական ռեյդ՚:
Երրորդ մեքենայացված կորպուսի հրամանատար գեներալ Ի. Դրեմովը Հ. Բաբաջանյանի պարգևատրման թերթիկում գրել է… 1944 թվականի մարտի 21-ից մինչև ապրիլի 1-ը Ստանիսլավի ուղղությամբ ֆաշիստական զավթիչների դեմ մղված կռիվներում Հ. Բաբաջանյանը որպես բրիգադի հրամանատար, աչքի ընկավ իր համարձակությամբ, վճռականությամբ, հմտությամբ: Բրիգադը դրսևորելով սրընթաց շարժունակություն, շրջանցեց հակառակորդի թիկունքը և կտրեց նրա նահանջի ուղին…:
Այդ մարտերում բրիգադն ազատագրել է ավելի քան 50 քաղաք և բնակավայր:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թվի ապրիլի 26-ի հրամանագրով գվարդիայի փոխգնդապետ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում` գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարում հրամանատարության առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և մարտերում ցուցաբերած հերոսության և խիզախության համար:
1944 թվականի հունվարի կեսերին նա շարունակում էր մարտերը ֆաշիստական զավթիչների դեմ, բայց նույն թվականի օգոստոսի 19-ին տեղի ունեցած արյունալի մարտում Բաբաջանյանը կոկորդից ծանր վիրավորվում է: Նրան մի կերպ հասցնում են թիկունք: Որոշ ժամանակ հետո, երբ ապաքինվեց, պահանջեց իրեն նորից ուղարկել ճակատ: Եվ շարունակելով մարտերը` ազատագրեց նորանոր քաղաքներ:
… 1945-ի հունվարի կեսերին մեր զորքերը Բալթիկ ծովից մինչև Կարպատյան լեռները հուժկու հարձակման են անցնում: Նա միշտ մտածում էր. ՙԿգա± այն օրը, երբ մենք հասնենք Բեռլին՚: Այս բաղձանքն իրականացավ: Բաբաջանյանի կորպուսը Վիսլայի պլացդարմից (Վարշավայի հարավ) սրընթաց գրոհով մասնակցում է Լոձ, Պոզդամ ու բազմաթիվ այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը և դուրս գալիս Օդերի ափը: Տրվում է հարձակման նոր հրաման, այս անգամ Բեռլինի վրա: Տաղանդավոր զորապետի կորպուսի տանկիստները, համառորեն հաղթահարելով հակառակորդի բոլոր արգելքներն ու դիմադրությունը, մի քանի օրում հասնում են Բեռլին ու մասնակցում փողոցային մարտերին: Բաբաջանյանն առաջիններից մեկն էր, որ մտավ Բեռլին: Ապրիլի 30-ին նրանք դիպուկ կրակի տակ են առնում քաղաքի կենտրոնում գտնվող կայզերական գրասենյակը: Մայիսի 2-ին Բեռլինի հիտլերյան կայազորը զենքը վար է դնում: Այդ առթիվ ԽՍՀՄ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանում շատերի թվում նշվում է նաև զորապետ Բաբաջանյանի անունը: Համազասպն իր մարտիկների հետ միշտ առաջին բնագծում էր և 1945 թվականի մայիսի 2-ին նրա տանկերը վերջին համազարկը տվին Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոն Ռայխստագի մոտ:
Պատերազմի հաղթական ավարտից հետո Բաբաջանյանը սովորում և ավարտում է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիան: Նույն տարին էլ նրան շնորհվում է գեներալ- մայորի կոչում: ՙՉյորնի՚ գեներալ էին կոչում նրան, հաշվի առնելով նրա մաշկի գույնը, որ սազում էր իր խիզախության հետ: Տարիներ անց, մի առիթով, զրույցի ժամանակ լեգենդար զորավար, Խորհրդային Միության մարշալ Գ. Ժուկովը Բաբաջանյանի մասին ասել է. ՙՉափազանց խիզախ ու քաջարի հրամանատար է, ես նրան լավ եմ ճանաչում ու հարգում՚:
Մեծ էր նրա ծառայությունը մեր երկրի զինված ուժերի, զրահատանկային զորքերի դերի զարգացման գործում:
1949-1950 թվականներին Բաբաջանյանը ծառայում էր Գերմանիայում, որպես բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար և Մերձկարպատյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ (1950-59), իսկ 1959-67 թվականներին Օդեսայի զինվորական օկրուգի հրամանատար, Ռ. Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ:
1975-ին նրան շնորհվում է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում:
Նա միշտ ակտիվ մասնակցություն էր ունենում հասարակական-քաղաքական կյանքին:
1928 թվականից ԽՄԿԿ-ի անդամ էր և ակտիվորեն կատարում էր իրեն հանձնարարված բոլոր աշխատանքները: Նա ընտրվել է ԽՍՀՄ 6-րդ և 7-րդ գումարումների Գերագույն խորհուրդների, Խորհրդային Հայաստանի 4-րդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ, կուսակցական մի շարք համագումարների և կոնֆերանսների պատգամավոր:
Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը պարգևատրվել է Լենինի` չորս, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի` չորս, Սուվորովի առաջին և երկրորդ, Կուտուզովի առաջին, Հայրենական պատերազմի I և II աստիճանի, Խորհրդային Միության զինված ուժերում հայրենիքի ծառայության համար III աստիճանի, Կարմիր աստղի, արտասահմանյան բազմաթիվ պետությունների շքանշաններով ու մեդալներով:
Նրա քաջարի աշխատանքը միշտ գնահատվել է վերադաս, համապատասխան օրգանների կողմից:
Բաբաջանյանը խորհրդային զորավարների համաստեղության փայլուն դեմքերից էր և սիրված բոլորի կողմից, առանձնապես չարդախլվեցիների, իր հարազատ գյուղի բնակիչների կողմից, ուր ծնվել, հասակ է առել, տառաճանաչ դարձել:
Բայց անժամանակ հրաժեշտ տվեց կյանքին` 1977 թ. նոյեմբերի 1-ին, ընդմիշտ փակելով աչքերը:
Նրա գործը չի խամրի, նրա փառքը չի մոռացվի հետագա սերունդների կողմից:



