Deneme bonusuDeneme bonusu veren siteler

Արշակ Հարությունի Տեր- Ղուկասյան

ՏԵՐ-ՂՈՒԿԱՍՅԱՆ (ՏԵՐ-ՂՈՒԿԱՍՈՎ) ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

Ցարական բանակի գեներալ-լեյտենանտ

Արշակ Հարությունի Տեր-Ղուկասյանը ծնվել է 1819 թ. Չարդախլու գյուղում, հոգևորականի ընտանիքում:

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1939 թվին ավարտել է Պետերբուրգի Հաղորդակցության ճանապարհների ինստիտուտը:

1842-1850 թթ., որպես ինժեներ, աշխատել է Կովկասում` ռազմավարական ճանապարհների շինարարությունում, իսկ 1850 թվին անցել է զինվորական ծառայության` 1852 թվականից, որպես Ապշերոնյան գնդի 3-րդ գումարտակի հրամանատար, մասնակցել է լեռնականների դեմ մղվող մարտերին, որտեղ ցուցաբերած խիզախության և ռազմավարական հմտության համար նշանակվել է Ապշերոնյան գնդի հրամանատար:

1857 թ. նրա զորամիավորումը գրավել է լեռնականների Դիլի և Բուրդունա, իսկ 1859-ին` Գունիբ աուլները:

1865 թ. Ա. Տեր-Ղուկասովը արժանացել է գեներալ-մայորի կոչման և նշանակվել 19-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարի օգնական, 1869-ի մարտին` 38-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար: Նրա զորավարական տաղանդը ավելի ակնառու է դրսևորվել 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ:

Նրա hրամանատարությամբ գործող Երևանյան զորաջոկատը 1877 թ. ապրիլին մտել է Բայազետ, գրավել Դիադինը, Ղարաքիլիսան, մայիսին՝ Ալաշկերտը, Զեղկանը: Հունիսի 4-ին՝ Դրամդաղի և 9-ին Դհարի ճակատամարտերում ջախջախել է գերակշիռ թուրքական զորքերին: Իսկ հունիսի 15-ին, հրաման ստանալով, Տեր-Ղուկասյանը հմտորեն կազմակերպել է իր զորախմբի նահանջը և մոտ 20.000 հայ բնակիչների գաղթը` դեպի Իգդիր, հունիսի 28-ին ազատագրել է պաշարված Բայազետը: Նա իր գործողություններով աջակցել է Դևեբոյինի մոտ թուրքերի դեմ ռուսական զորքերի հաղթանակին (1877 թ. հոկտեմբերի 23):

1878 թ. հունվարին նշանակվել է Ախալցխայի ուղղությամբ գործող ռուսական զորքերի հրամանատար: Ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո գլխավորել է Անդրկասպյան զորքերը, այնուհետև Կովկասյան 2-րդ կորպուսը:

Գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասյանը պարգևատրվել է ռուսական և օտարերկրյա շքանշաններով, մահացել է 1881 թ. հունվարի 8-ին, թաղված է Թիֆլիսի Հայոց Մայր եկեղեցու բակում:

Ռ. Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆ