Չարդախլու գյուղի համառոտ պատմությունը

Շամխոր քաղաքից դեպի արևմուտք օձապտույտ գալարումներով վեր է սողում մի ճանապարհ, որը տանում է դեպի բարձունքները, դեպի աշխարհաճանաչ գեղատեսիլ Չարդախլու։
Դարերի միջով շղթայի նման ձգվում են այն փաստերը, որոնք ցույց են տալիս, որ Չարդախլուն եկել է դարերի խորքից։ Այդ երևում է նրա բազմաթիվ հուշարձաններից՝ խաչքարերից, տապանաքարերից, մատուռներից, եկեղեցուց։ VIII–X դարերի որոշ պատմական աղբյուրներ էլ կցկտուր տեղեկություններ են տալիս, որ այդ տեղանքում ապրել են հայեր, և այն կոչվել է Չարդախ (պարսկերեն 14) և եղել է Գարդմանաց իշխանության 14–րդ բնակավայրը։ Մի այլ պատում նշում է, որ չարդախ (չհար դաղ) նշանակում է չորս սար, որոնց փեշերին փռված է գյուղը և որը հետագայում տառադարձվել է Չարդախլու անունով։ Վրացական բառարանում այն թարգմանված է «Ոսկե հովիտ»։ Սարերից մեկի բարձր գագաթին դրված էր մեծ խաչքար, որը Սահակ Սևադայի ժամանակաշրջանից էր (այդպես են բնորոշում հնագետները) և հիշատակում է նրա հաղթական այցը Չարդախլու։ Այդ ժամանակից էլ այն ստացել է Խաչի սար անունը, իսկ քաջ Սևորդյանների կողմից այդ լեռներից բխող սառնորակ ու անուշահամ ջրերի շուրջն աճած անտառը դարձել է Սևորդյանների հանգստավայրը, որը հետագայում, երբ գրավել են թուրքերը, Սև որդիները թարգմանել են կարա օղլի–Ղարամօղլի (այդպես էլ կոչվում է մինչև հիմա)։
Շատ բաներ են փոխվել այն ժամանակներից։ Գյուղն անցել է սերնդից սերունդ և միշտ էլ մնացել է անաղարտ հայկական գյուղ։
Գյուղն իր դիրքով նման է թևերը փռած արծվի և, կարծես, իշխում է շրջապատին, որի մարմինը Սառն աղբյուր թաղամասից ձգվում է մինչև Նովավոր, իսկ արծվի թևերից մեկը Գյունաշ, մյուսը՝ Քարափ թաղամասերն են։ Այգիների մեջ թաղված, կանաչագեղ լեռներով շրջապատված այս գյուղը հերոսական անցյալ ունի։ Նրա պատմությունը հարուստ է օտար նվաճողների և հարստահարողների դեմ մղված պայքարի բազում օրինակներով։
Չարդախլվեցիները հերոսության հիանալի օրինակներ ցույց տվին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանցից՝ Ա․ Մարգարյանը, Ց․Ստեփանյանը, Հ․ Մարտիրոսյանը, Հ․ Խաչատրյանը դարձան Գեորգիևյան «Ոսկե խաչի» ասպետներ։ Շատ չարդախլվեցիներ կամավոր զինվորագրվեցին քաջ Անդրանիկի ջոկատում։
Չարդախլվեցիները առաջնակարգ աշխատողներ են՝ ուսուցիչներ, գիտությունների թեկնածուներ, բժիշկներ, ինժեներ–տնտեսագետներ, դաշտավարներ, անասնապահներ։ Նրանք զգայուն, զգացմունքային մարդիկ են, բայց ամենից առաջ լեռնական կյանքը նրանց մոտ դաստիարակել է զորավարին բնորոշ հատկանիշներ, անվախություն, վճռականություն։ Աշխատանքի և առողջ հոգու տեր խիզախ մարդկանց օրենքի գլխավոր կետն այն է, որ տղամարդը պետք է պաշտպան կանգնի իրեն և ուրիշներին։ Մեծ է նրանց ծառայությունը երկրի բոլոր ոլորտներում՝ քաղաքացիական կռիվներում, կարմիր բանակում (նրա ստեղծման առաջին օրերից), Խալխին Գոլի, սպիտակ ֆինների դեմ մղած մարտերում, բայց առավել ևս՝ Մեծ Հայրենականում։ Ոտքի կանգնեցին չարդախլվեցիները․ կանայք՝ թիկունքում, տղամարդիկ՝ ռազմաճակատում։ 1941–ին զորակոչվեցին 1250 երիտասարդներ, որոնցից 186–ը դարձան հրամանատարներ, այդ թվում՝ մարշալներ, գեներալներ, գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, զինվորական բժիշկներ, ռազմական ինժեներներ, օդաչուներ և այլն։
Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը քաջ հայտնի է բոլորին։ Նա իր անձնուրաց սխրանքով աչքի ընկավ քաղաքացիական կռիվների տարիներին, մասնակցեց Սարդարապատի ճակատամարտին, Հայաստանի խորհրդայնացմանը, սակայն նրա զինվորական տաղանդը փայլեց Մեծ Հայրենականում։ Պատերազմից հետո էլ նվիրվեց հայրենիքի գործին․ Գերագույն Խորհրդի դեպուտատ էր, մի շարք գրքերի հեղինակ։
Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Հ․ Խ․ Բաբաջանյանն իր առաջին մարտական մկրտությունն ստացել է 1939–40 թթ․ սպիտակ ֆինների դեմ մղված մարտերում, իսկ 1941–ի հուլիսի 9–ին մեկնում է ռազմական գործողությունների թատերաբեմ և ընդունում տանկային զորամասի հրամանատարությունը։ Նա առաջիններից մեկն էր, որ անցավ Խորհրդային Միության սահմանը, մտավ Ռումինիա, Չեխոսլովակիա, Բեռլին և այլն։
Խորհրդային բանակի հրամանատարության փայլուն համաստեղության մեջ երբեք չի մոռացվի Ս․ Դանիելյանի անմոռաց անունը։ Նա մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, քաղաքացիական կռիվներին, Մեծ Հայրենականին։ Նա իր դիվիզիայի զորամասերով պաշտպանեց Կովկասը, հասավ Լիտվա, ապա Ալետուս քաղաքի գրավման օրը զոհվեցին տղան՝ Լևոնը և ինքը։
Պատերազմի բովով անցան գեներալ մայոր Գուրգեն Մանասյանը, մայոր Միքայել Եգանյանը, բուժակ Պողոս Եղյանը, գնդապետ Սուրեն Եղյանը, բոլշևիկ Հռիփսիմե նանի հինգ տղաները՝ գնդապետ Վասիլը, մայորներ Վանյան և Միշան, լեյտենանտներ Սմբատն ու Բագրատը և շատ շատերը։ Կանցնեն ժամանակներ և գալիք սերունդը երախտագիտությամբ կհիշի 89–րդ Թամանյան դիվիզիայի 526–րդ գնդի երրորդ գումարտակի հրամանատար Սուրեն Մարգարյանի անունը, որի «կարապի երգը՚» դարձավ Ֆրանկֆուրտի ճակատամարտը։ 526–րդ գնդում էր մարտնչում նաև Աշոտ Քոչարյանը։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար Աշոտը վաստակել է «Քաջերից քաջ” անունը։ Նա գերի էր վերցրել գերմանական գնդապետին և որպես կենդանի լեզու հասցրել գումարտակ։ Նա արժանացել է շքանշանների և մեդալների։ Թամանյան դիվիզիայում են մարտնչել տանկիստ Ոսկան Աբրահամյանը, Մնացական Գրիգորյանը, Գուրգեն Մարտիրոսյանը, Գուրգեն Ավետիսյանը և ուրիշներ։ Թամանյան 89–րդ դիվիզիայի շարքերում է մարտնչել 1226–րդ պահեստային ծանր հրետանային գնդի քիմիական ծառայության պետ փոխգնդապետ Ազատ Եգանյանը։ Չի կարելի մոռանալ Անդրանիկ, Գուրգեն Բաբաջանյաններին, որոնք իրենց կյանքը տվին հայրենիքին։
Այդ սերունդը կրթվել ու հերոսացել է մի համեստ գյուղական դպրոցում, որը հետագայում կրում էր զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Հ․ Խ․ Բաբաջանյանի անունը։ Այդ դպրոցում էլ մարշալն ստացել է իր սկզբնական կրթությունը։ Այդ դպրոցից են ռազմաճակատ մեկնել ու զոհվել ուսուցիչներ՝ Վազգեն Հայկազի Գաբրիելյանը, Գուրգեն Հարությունյանը, Սմբատ Բայանդրյանը, Հայկազ Նալբանդյանը, աշակերտներ Սահակ Վարդանյանը, Ավետիս Կոստանդյանը, Պողոս Խաչատրյանը, Պետրոս Վանյանը, Մուշեղ Շահնազարյանը, 16–ամյա Կիմ Եգանյանը, Լենիկ Գաբրիելյանը և ուրիշներ։
Մեծ Հայրենականի տարեգրության մեջ իրենց հատուկ տեղն են գրավել Չարդախլվի դուստրերը։ Կապիտան Քնարիկ Քոչարյանը շատ անքուն գիշերներ է անցկացրել վիրավոր զինվորների մահճակալի մոտ, բուժել նրանց, նորից ռազմաճակատ ուղարկել։ Բուժքույր Մանուշակ Խաչատրյանը զոհվեց վիրավոր զինվորին մարտադաշտից բուժկետ փոխադրելու ճանապարհին։ Խիզախ անուն է վաստակել կապավոր Նվարդ Վարդանյանը (4–րդ ուկրաինական ճակատ), մարտնչել է գեներալ Երեմենկոյի հրամանատարության ներքո, միշտ եղել է ռազմաճակատի առաջին գծում և մասնակցել է Բեռլինի գրավմանը։
Շատ ու շատ են գյուղի հերոս զավակները, որոնց մասին հնարավոր չէ արտահայտվել միանգամից։
Թանկ է յուրաքանչյուր զինվորի կյանքը չարդախլվեցիների համար, և այս գյուղի պատմության անմոռաց էջերում գրվեցին 350 զոհված զինվորների անունները։ Գյուղը նրանց հիշատակը վառ պահելու համար հուշարձան կոթող դրեց պահապան մոր պատկերով, և ամեն տարի մայիսի 9–ին այստեղ էին անցկացնում հաղթանակի օրվա միտինգը՝ ուրախանում հաղթանակի համար և սգում իրենց զոհված հարազատներին։
Այստեղ էին այցելում իրենց հայրենի գյուղին այցի եկած զորավարներն ու զորահրամանատարները և շատ արժանավոր մարդիկ։ Գյուղում կառուցվեց «Մարտական և աշխատանքային փառքի» թանգարան, ուր պահվում են զորավարների անձնական իրերը և գյուղի պատմությանը վերաբերող զանազան նյութերը։ Գյուղն ուներ միջնակարգ և ութամյա դպրոցներ, մանկապարտեզ, կուլտուրայի տուն, հիվանդանոց, գրադարան և այլն։ Գյուղացիները կառուցել էին հարմարավետ բնակարաններ և ապրում էին կուլտուրական կյանքով։
Սակայն վրա հասավ 1988 թվականի նոյեմբերը․․․ Գյուղը մենակ էր մնացել։ Հայազերծ էին արել նրան շրջապատող 12 հայաբնակ գյուղերը․․․ Շնչահեղձ էր լինում Չարդախլուն։ Նրա օգնության աղերսող ճիչը լսող չկար։ Մենք հարյուր էինք, նրանք՝ հազար, իսկ շատերն էլ մեղադրում են չարդախլվեցիներին, թե ինչու թողեցին արծվաբույն Չարդախլուն։
Չարդախլուն բռնի տեղահանվեց․․․ Թռան արծվաբույն Չարդախլվի արծիվները՝ գյուղը թողնելով օտարներին։
Այնտեղ մնացին հողն ու ջուրը, մարշալ Բաբաջանյանի անվան դպրոցն ու Բաղրամյանի անվան խորհտնտեսությունը, Աֆղանստանում զոհված գնդապետ Ռ․ Խաչատրյանի անվան մայրուղին, Խաչի սարն ու Ղարամօղլին, Մայր հուշարձանն ու աղբյուր հուշարձանը՝ «Մեծ Հայրենականում զոհված Սահակ Վարդանյանի ու իր ընկերների հիշատակին» մակագրությամբ և սուրբ գերեզմանները։ Չարդախլվեցին նոր գերեզմանոցներ դրավ Ռուսաստանի տարբեր բնակավայրերում, ՀՀ Նոյեմբերյանի, Կարմիրի, Վարդենիսի, Մասիսի շրջաններում, նույնիսկ շատերը մնացին Սպիտակի փլատակների տակ, շատերը հաշմանդամ դարձան։
Շատ են մահացողները։ Նրանք մահանում են հուզմունքից, մահանում են կանգնած, ինչպես Չարդախլվի նախամուտքին կանգնած, այս ամենին ականատես, Թաք–աղաջի դարավոր երկու ծառերը ծարավից չորացան, երբ Չարդախլուն դատարկվեց իր մշտական բնակիչներից։
Ռոզա Վարդանյան



