Deneme bonusuDeneme bonusu veren siteler

ՎԱՌՎԱՌԱ ՌԱՖԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ Ակադեմիկոս, հասարակական գործիչ

Վառվառա (Վալյա) Մարգարյանը ծնվել է 1950 թ.հունիսի 20-ին Գանձակում (ք. Կիրովաբադ), չարդախլվեցի Ռաֆիկ Արամի Մարգարյանի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի թիվ 11 դպրոցում, ուսումը շարունակել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետում: Ավարտելուց հետո աշխատել է Երևանի գիտա-հետազոտական ինստիտուտում իր մասնագիտությամբ: Հետագայում, ընտանիքի հետ տեղափոխվել է քաղաք Կրասնոդար, որտեղ տարբեր հիմնարկներում աշխատել է որպես ինժեներ-կոնստրուկտոր: Ուսումը շարունակելու համար գործուղվել է Մոսկվայի ասպիրանտուրա, պետստանդարտի գծով: Պաշտպանելով թեկնածուականը՝ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և նշանակվել Կրասնոդարի մարքեթինգի ակադեմիայի պրոռեկտոր, որտեղ մինչ օրս աշխատում է:

Վ. Մարգարյանը միաժամանակ համատեղությամբ դասախոսում է տարբեր ինստիտուտներում՝ մարքեթինգ, տնտեսագիտություն, պատմություն, Հայոց եկեղեցու պատմություն և այլ առարկաներ: Նա դիպլոմային աշխատանքների ղեկավար է:

Մոսկվայի ակադեմիայում պաշտպանել է դոկտորական թեզ՝ դիվանագիտության գծով:

Վ. Մարգարյանը ունի ակադեմիկոսի կոչում:

Վերջին տարիներին նրա դիվանագիտական աշխատանքների շնորհիվ մեծ աշխատանքներ են կատարվել Ռուսաստանի Դաշնության և Կրասնոդարի հայկական համայնքի պահպանման գործում:

Վ.Մարգարյանը եղել է << Ռուսաստանի Հայերի Միության>> հասարակական կազմակերպության խորհրդի անդամը, իսկ այժմ՝ << Կրասնոդարի Հայ կանանց միության >> նախագահն է:

1993թ. Կրասնոդարում նրա պատասխանատվությամբ լույս է տեսել << Մաշտոց>> հայկական թերթը: Երկրամասի զանգվածային լրատվական միջոցներում լույս է տեսնում հայերի շահերի պաշտպանության վերաբերյալ նրա մի շարք հոդվածները: Հաճախակի մասնակցելով հեռուստատեսությամբ <<կլոր սեղանի>> շուրջ երկխոսության՝ նա մեծ ճանաչում ու հարգանք է վայելում ոչ միայն իր հայրենակիցների, այլև մյուս ազգությունների կողմից: Եվ պատահական չէ, որ Վ.Մարգարյանին Կրասնոդարի կազակները համարում են առաջին կին լիդեր՝պրոպագանդիստ, հասարակական գործիչ:

Հայ ժողովրդի ազգային մշակույթը պահպանելու համար, նրա աջակցությամբ քաղաքի ռուսական դպրոցներում կազմակերպվում են հայկական երգի –պարի անսամբլներ, ինքնագործ թատերական խմբեր, որոնք մասնակցում են տարբեր կուլտուր–մշակութային միջոցառումների և փառատոների:

Ի շնորհիվ նրա՝ այսօր Կրասնոդարի հայ համայնքը մեծ զարթոնք է ապրում: Միաժամանակ Վ.Մարգարյանը տեղի հայ քրիստոնեական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նրա գլխավորությամբ կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Երուսաղեմ, որտեղ հայ պատրիարքի կողմից արժանացել է << Միակ Սուրբ Ուխտավորի>> գրքի հիշատակին:

Հայրենասեր դուստր Վառվառա Ռաֆիկի Մարգարյանը Չարդախլվի Ջռահանց Արամի թոռնուհին է, մեծ բարերար ու անվանի մարդու՝գեներալ-մայոր Ջահան Մարգարյանի ծոռը:

Ամուսնացած է, ամուսինը՝ Վովա Աղաջանյան, բարձրագույն կրթությամբ՝ իրավաբան, ծննդով ԼՂ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից, Կրասնոդարի հայ համայնքի Արցախ կոմիտեի նախագահն է, որը տարբեր բարեգործություններ է ցուցաբերում Արցախին: Ունեն երկու զավակ՝Արթուր և Կարինե:

Որդին՝ Արթուրը, ավարտել է Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստիտուտը և աշխատում է իր մասնագիտությամբ, կազմել է իր ընտանիքը, ունի երկու զավակ: Դուստրը՝ Կարինեն, սովորում է բժշկական ինստիտուտում, ամուսնացած է և ունի երկու դուստր:

Վ.Մարգարյանը իր ընտանիքի, զավակների ու թոռների հետ բնակվում է Կրասնոդար քաղաքում:

Լ.Ա.ԱՂԱՄՅԱՆ