Deneme bonusuDeneme bonusu veren siteler

ՋՀԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ՋՀԱՆ ԲԵԿ, 1844-1931 թթ.)

Ջհան բեկ Մարգարյան: Այս անունը, բացի չարդխլվեցիներից, շատերին է ծանոթ: Ով էր նա, որ մեծ հարստություն էր թողել Չարդախլվի համար և մեծ անուն հասարակության մեջ:

Ջհան Մարգարյանը ծնվել է Չարդախլու գյուղում: Նա դեռ նախադպրոցական տարիքում էր, երբ մահացան ծնողները: Նա գտնվում էր եղբոր խնամքի տակ: Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում և դեռ չավարտած այն, կյանքը ժպտաց նրան:

Մի օր, դպրոցն ստուգելու նպատակով, գյուղ էին եկել ցարական պաշտոնյաներ: Առաջին իսկ հարցերի պատասխաններից, աչքի ընկավ փոքրիկ Ջհանը, որը նրանց ուշադրությունը գրավեց նաև իր մաքուր ու կոկիկ արտաքինով: Նրանք խնդրեցին հոգաբարձուին փոքրիկի ծնողների հետ խոսելու՝ տղային պետության հաշվին կադետական դպրոց ուղարկելու համար: Եղբորը հաղորդեցին այդ մասին, բայց նա չէր համաձայնվում, մտածելով, որ համագյուղացիներին կթվա, թե երեխան որբ էր, չպահեցին: Բայց տեսուչները համոզեցին նրան, որ չխորտակի երեխայի ապագան: Եվ Ջհանը դարձավ Թիֆլիսի կադետական դպրոցի սան: Նա արձակուրդներին գյուղ էր գալիս և համագյուղացիները համոզված էին, որ Ջհանը մեծ ապագա կունենա: Դպրոցն ավարտեց փայլուն գնահատականներով և նրան ուղարկեցին Պետերբուրգի բժշկական համալսարանում շարունակելու իր ուսումը, որը նույնպես ավարտեց փայլուն գնահատականներով, ավարտեց նաև բժշկական ակադեմիան: Այնուհետև բժշկական որակավորումը բարձրացրել է Շվեյցարիայում ու երկար ժամանակ ծառայել ռուսական բանակում, հասել բժշկական ծառայության գեներալ-մայորի աստիճանի:

1871 թվականի հունվարին աշխատել է Բաքվի 153-րդ հետևակային գնդում որպես կրտսեր բժիշկ:Նույն թվի ապրիլին նա գործուղվել է Թիֆլիսի զինվորական հոսպիտալ, հոկտեմբերին աշխատել է որպես կրտսեր օրդինատորի օգնական: 1873-ի մայիսին նշանակվել է Թիֆլիսի զինվորական գիմնազիայի ավագ բժիշկ, միաժամանակ աշխատելով Թիֆլիսի պարետային վարչությունում և Կովկասի ռազմական օկրուգի շտաբում:

1875-ի մարտին հաստատվել է արքունի խորհրդական: 1877-78-ին ղեկավարել է Կաջարի հոսպիտալային բաժանմունքը: 1879-ին Թիֆլիսի երկրորդ զինվորական հոսպիտալի կրտսեր օրդինատորն էր և արքունի խորհրդական:

1881-ին գործուղվել է Թիֆլիսի զինվորական գիմնազիա, 1882-ին Կովկասյան առաջին հեծելազորային դիվիզիայի բժիշկն էր, իսկ 1885-ին՝ Կովկասյան 2-րդ հրաձգային գումարտակի ավագ բժշկի ժամանակավոր պաշտոնակատար և գործուղվել Կովկասյան ռազմաբժշկական վարչություն: 1886-ի հուլիսին Թիֆլիսի զինվորական հոսպիտալում ավագ օրդինատոր էր, 1887-ին՝կոլեգիական խորհրդական:

1891-1903 թվականներին զբաղեցրել է Կովկասյան առաջին կազակային դիվիզիայի, 18-րդ հրաձգային դիվիզիայի և 14-րդ բանակային կորպուսի բժշկի պաշտոնները: 1897-ին նա պետական խորհրդական էր, իսկ 1904-ի օգոստոսի 15-ին նշանակվել է 11-րդ բանակի կորպուսի բժիշկ:

Ճակատագրի բերումով հայ բժիշկը փրկեց Ռուսաստանի թագուհու կյանքը: Նիկոլայ 2-րդ թագավորի կինը՝ Շուրան, ծանր հիվանդացել էր, բժիշկները ոչ մի հույս չէին տալիս: Տարեց մի զինվորական թագավորին հայտնում է Ջհան Մարգարյանի մասին: Նրան հրավիրում են պալատ: Մարգարյանն ուղիղ երեք ամիս զբաղվում է հիվանդի բուժմամբ և փրկում նրա կյանքը: Շուրան ամբողջությամբ ապաքինվում է:Բաժանման պահին Մարգարյանը հրաժարվում է որևէ նվեր ընդունել և ասում է, որ ինքը կատարել է իր բժշկական պարտականությունը: Թագավորը, նաև Շուրայի պահանջով, պատրաստակամ էր կատարելու Ջհանի յուրաքանչյուր ցանկություն:

Չարդախլվեցիները հիշում են, ինչպես Շամխորի թուրքերը բռնությամբ հափշտակել են գյուղին պատկանող պտղատու հողատարածությունից մոտ հազար հեկտար և խնդրում է թագավորին այդ հողամասերը հետ վերադարձնել իր գյուղին:

Ցարի կարգադրությամբ դրանք վերադարձվում են Չարդախլվին՝ Թաքաղաջից սկսած մինչև Տիլ աղբյուր և մինչև Ծիրանի ղոբին: Այդ ժամանակից էլ Ջհանը դարձավ Ջհան բեկ, իսկ հողերը՝ Ջհան բեկի հողեր:

Ջ. Մարգարյանը հայրենասեր և ժողովրդասեր գործիչ էր: Սովի ժամանակ օգնել է համագյուղացիներին հացահատիկով: Նա իր ծննդավայրում կառուցել էր երկհարկանի հիվանդանոցի շենքը, որն սպասարկել է նաև հարևան գյուղերին, Թիֆլիսի մերձակայքում՝ Կոջորում ունեցել է օրինակելի բուժարան՝ երեխաների համար:

Կյանքի վերջին շրջանում նա կուրացել էր:

Մարտական սխրագործությունների համար Ջհան բեկը պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի,

Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով և 1877-78-ին ռուս-թուրքական պատերազմի ու Ալեքսանդր 3-րդի թագավորության հիշատակի շքադրամներով:

Ջ.Խ. Մարգարյանը մահացել է 1931 թվականին, թաղված է Թիֆլիսում:

Ռ.Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆ